Ամերիկացի դերասան Չակ Նորիսը համաքաղաքացիների համար «հազարամյակների խավար» է կանխատեսել Բարաք Օբամայի վերընտրվելու դեպքում: Նա եւ կինը՝ Ջինան, տեսագրություն են տարածել՝ ուղղված համաքաղաքացիներին, որում կոչ են արել թույլ չտալ Բարաք Օբամայի վերընտրությունը:
«Մենք մեր երկրի կործանման նախնական փուլում ենք։ Եթե չփոխենք ուղղությունը, այն դատապարտված է», - ասել է Նորիսը:
Ինչպես դուրս գալ այս իրավիճակից, պատմել է նրա կինը: Ըստ նրա` 2008 թվականին ավելի քան 30 միլիոն ամերիկացի ավետարանչական քրիստոնյաներ չէին եկել ընտրության, ինչը Բարաք Օբամային հնարավորություն էր ընձեռել հաղթել ձայների ընդամենը 10 միլիոն առավելությամբ: 2012 թվականին այդ մարդիկ պետք է քվեարկեն, որ թույլ չտան դեմոկրատի վերընտրությունը:
«Այն ամենն, ինչ անհրաժեշտ է չարի հաղթանակի համար, բարի մարդկանց անգործութունն է»,- Էդմունդ Բերքի խոսքերն է մեջբերել է Նորիսը: Եթե մարդիկ ընտրության օրը տանը մնան եւ չխանգարեն գործող նախագահի վերընտրությանը, ապա դա կլինի «դեպի հազարամյա խավարն արված առաջին քայլը»,- խոստացել են ուղերձի հեղինակները, գրում է «lenta.ru»-ն:
Չակ Նորիսը հայտնի է ոչ միայն իր կինեմատոգրաֆիական կարիերայով, այլեւ քաղաքական ակտիվ դիրքորոշմամբ: Նա տարիներ շարունակ դեմոկրատական կուսակցության դեմ պայքարում աջակցում է հանրապետականներին:











