Հունգարիան ընդունել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Շվեյցարիայի առաջարկը: Այդ մասին հայտնել է Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնին:

Այն, որ Ադրբեջանը խախտեց իր խոստումը,  «անընդունելի է եւ պետք է դատապարտվի», նշել է հունգարացի նախարարը` մեկնաբանելով Հունգարիայից արտահանձնված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհվելը, հաղորդում է  Вloomberg-ը:

Ինչպես նշում է հունգարական politics.hu կայքը, Մարտոնին նշել է, որ Հունգարիան դատապարտում է 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած վիճակում կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին նախագահ Ալիեւի կայացրած որոշումը:

«Ադրբեջանական կողմի գործողությունները անընդունելի են եւ պետք է դատապարտվեն: Ադրբեջանը խախտել է խոստումը եւ ներում շնորհել Սաֆարովին, չնայած ավելի վաղ ներկայացված երաշխիքների, որ նա Բաքվում կշարունակի կրել պատիժը», - հայտարարել է Մարտոնին:

Նա նաեւ հայտնել է, որ Շվեյցարիա կատարած իր այցի ընթացքում Շվեյցարիայի արտգործնախարարն առաջարկել է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները:

«Շվեյցարիան միշտ չեզոք երկիր է եղել, որն այս պահին կարող է մեզ օգնել կարգավորել Հայաստանի հետ լարված հարաբերությունները: Հունգարիան անպայման պետք է օգտվի դրանից: Ամեն դեպքում,  Հունգարիան գործել է միջազգային նորմերին համապատասխան եւ այդ որոշման համար ոչ մի տնտեսական ենթատեքստ չի եղել: Մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի հայերը հասկանան, որ  Հունգարիան միշտ էլ իրենց ընկալել է իբրեւ բարեկամի», - նշել է Մարտոնին:

Ինչպես հաղորդել էր  NEWS.am-ը,օգոստոսի 31-ին Հայաստանը կասեցրել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած վիճակում կացնահարելու համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը փոխանցվել է Ադրբեջանին, որտեղ էլ նրան անմիջապես ազատել են:

Հունգարիայի իշխանությունները, արդարացնելով իրենց գործողությունները, հայտնել էին, որ մարդասպանի փոխանցումը կատարվել է Ստրասբուրգյան կոնվենցիայի դրույթներին համապատասխան: Հունգարիայի ԱԳՆ-ն Ադրբեջանի դեսպանին բողոքի նոտա էր հանձնել, որում նշվում էր, որ  «Հունգարիան չի ընդունում եւ դատապարտում է Ադրբեջանի գործողությունները, որոնք հակասում են միջազգային իրավունքին եւ կտրուկ տարբերվում են ադրբեջանական կողմի ստանձնած պարտավորություններից, որոնք հաստատվել էին Ադրբեջանի արդարադատության փոխնախարարի պաշտոնական նամակով»:

Միաժամանակ, փորձագետները միակարծիք են, որ Հունգարիայի իշխանությունները Սաֆարովին հանձնելիս հազիվ թե գիտակցում էին, թե ինչ են անում, եւ չէին պատկերացնում նման քայլի հետեւանքները: Հունգարական իշխանությունների արդարացումները, ինչպես եւ բողոքի նոտան, աչքերը փախցնելու գործողություններ էին: