NEWS.am-ը զրուցել է Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի հետ:
Պարոն դեսպան, Չեխիայի իշխանությունները, ի թիվս եվրոպական մի շարք պետությունների կառավարությունների, դեռեւս պաշտոնապես չեն արձագանքել Հունգարիայի կառավարության կողմից ոճրագորձ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու, վերջիններիս կողմից նրան ներում շնորհելու եւ հերոսացնելու առնչությամբ: Ի՞նչն է պատճառը, ի՞նչ գործողություններ է ձեռնարկում Չեխիայում Հայսատանի դեպանությունն այդ ուղղությամբ:
Չեխիայի Հանրապետությունը վերջին տարիներին սերտ տնտեսական համագործակցություն է ծավալել Ադրբեջանի հետ, հում նավթի գրեթե 30%-ը ստանում է այդ երկրից: Տնտեսական համագործակցությունը չի կարող իր հետքը չթողնել նաեւ արտաքին քաղաքականության վրա: Ինչ վերաբերում է Հունգարիային, ապա այն Չեխիայի վաղեմի գործընկերն է եւ դաշնակիցը, երկու երկիրն էլ անդամակցում են Եվրամիությանը, ՆԱՏՕ-ին եւ տարածաշրջանային՝ Վիշեգրադյան քառյակ (V-4) կազմակերպությանը: Չեխերն ընդհանրապես շատ զգուշավոր ժողովուրդ են, այդ իսկ պատճառով բավականին զուսպ են արտահայտվում այն երեւույթների մասին, որոնք չեն տեղավորվում իրենց ձեւավորված պատկերացումների մեջ: Չեխիայի Հանրապետությունը Կենտրոնական Եվրոպայի առաջատար պետություններից մեկն է եւ Հայաստանի Հանրապետությունը չափազանց կարեւոր է համարում դրա հետ հարաբերությունների զարգացումը: Այս առումով ՀՀ դեսպանությունը լայնածավալ եւ երկարատեւ աշխատանք ունի անելու այս երկրում: Վերջին 3 տարում Հայաստանն ակտիվ քաղաքական երկխոսություն է ծավալել չեխական կողմի հետ եւ արդյունքներն արդեն շոշափելի են դառնում: Հարկ է նշել, որ վերջին ժամանակաշրջանում Չեխիան հավասարակշռված եւ զուսպ մոտեցում է ձեւավորել ԼՂ հիմնահարցի առնչությամբ:
Սաֆարովի գործի կապակցությամբ Պրահայում ՀՀ դեսպանությունը դեպքի նույն օրը` օգոստոսի 31-ին, Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը եւ գործողությունները ներկայացնող մամուլի հաղորդագրություն էր ուղարկել Չեխիայի եւ Սլովակիայի իշխանություններին ու լրատվամիջոցներին:
Սեպտեմբերի 4-ին հանդիպում ունեցա Չեխիայի ԱԳՆ Եվրոպայի ընդհանուր դեպարտամենտի գլխավոր տնօրեն Յարոսլավ Կուրֆյուրստի հետ, որին մանրամասն ներկայացրեցի կատարվածը եւ Հայաստանի ակնկալիքները: Զրույցի ընթացքում ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտնեց, որ լիազորված է հաղորդելու Չեխիայի արտաքին գերատեսչության դիրքորոշումն այս դեպքի առնչությամբ: Այն է. «Չեխիայի արտաքին գործերի նախարարությունն իր խորը մտահոգությունն է արտահայտում Ռամիլ Սաֆարովի ներման եւ հերոսացման կապակցությամբ: Չեխական կողմը բարձր է գնահատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված բանակցությունները շարունակելու Հայաստանի հավատարմությունն ու ջանքերը»: Հունգարիայի կառավարության գործողությունների վերաբերյալ կարծիքը կձեւավորվի հարցը մանրամասն ուսումնասիրելուց եւ վերլուծելուց հետո:
Հայաստանին իր զորակցությունն է հայտնել Չեխիայի խորհրդարանում վերջերս ձեւավորված պատգամավորական բարեկամության խումբը: Թեպետ երկրի օրենսդիրն արձակուրդում է, դեսպանությունն աշխատանք է տանում դեպքը խորհրդարանում քննարկելու ուղղությամբ:
Ի՞նչ արձագանք է ստացել միջադեպը չեխական մամուլում:
Մեկ տասնյակից ավելի տեղեկատվական հրապարակումներ են եղել չեխական ԶԼՄ-ներում: Նրանք հիմնականում արտացոլել են Հայաստանի դիրքորոշումը: Դեսպանությունն աշխատում է դեպքի վերաբերյալ տեղեկատվությունն առավել հասանելի դարձնել չեխ հասարակության համար:
Վերջին ժամանակաշրջանում Չեխիայի հայ համայնքն աչքի է ընկել իր քաղաքական ակտիությամբ, տարբեր առիթներով միջոցառումներ եւ բողոքի ակցիաներ են անցկացվել: Այսօր ողջ աշխարհում հայերն իրենց բողոքն են արտահայտում դեպքի առնչությամբ, ցույցեր կազմակերպում Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչությունների առջեւ: Չեխիայից առայժմ նման տեղեկատվություն չի ստացվել…..
Այսօր էլ չեխահայ համայնքն անմասն չի մնացել: Համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ ակտիվ քննարկումներ են ծավալել սոցիալական ցանցերում: Իմ ունեցած տեղեկությունների համաձայն, Պրահայում Հունգարիայի դեսպանության առջեւ բողոքի ակցիա է նախապատրաստվում: Ինչո՞ւ այդքան ուշացած: Չեխիայի օրենսդրությամբ ակցիայից առնվազն հինգ օր առաջ անհրաժեշտ է թույլտվություն ստանալու համար հայտ ներկայացնել Պրահայի քաղաքապետարան: Կարծում եմ մի քանի օրից ցույցը տեղի կունենա:
Դուք Հայաստանը ներկայացնում եք նաւ Սլովակիայի Հանրապետությունում: Ի՞նչ արձագանքներ կան այդ երկրից:
Ցավոք, դեսպանության հնարավորություններն առայժմ խիստ սահմանափակ են այդ երկում, քանի որ առայժմ չի ավարտվել իմ հավատարմագրման գործընթացը, այսինքն, դեռ հավատարմագրերը չեմ հանձնել Սլովակիայի նախագահին: Այնուամենայնիվ, հնարավորի շրջանակներում, հեռախոսազանգերի միջոցով փորձում ենք անել առավելագույնը: Ինչպես նշեցի, դեսպանության մամուլի հաղորդագրությունը զուգահեռաբար տարածվել է նաեւ Սլովակիայում:




























