Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 5-ի երեկոյան Յամալում մասնակցել է փորձին, որն անցկացվում էր «Հույսի թռիչքի» շրջանակներում` հանուն կռունկների հազվագյուտ տեսակներից մեկի փրկության, որը գրանցված է Կարմիր գրքում:
Գիտնականների խնդիրն է՝ կենդանաբանական փակ պայմաններում մեծացրած 6 կռունկներին ցույց տալ տաք երկրներ չվելու ուղին:
Որպես երամի առաջնորդ է հանդես գալիս դելտապլաներիստը: Օգոստոսից կռուկներին թռչել են սովորեցնում օդանավի հետեւից: Պուտինը 3 թռիչք է իրականացրել, առաջինը` փորձնական, եւս 2-ը` թռչունների հետ:
Երբ կռուկներին բաց են թողել, միայն մեկ կռուկն է հետեւել առաջնորդ Պուտինին: Հետո լրագրողների հետ զրույցում նախագահը բացատրել է, որ այդ թռիչքի ժամանակ ուժեղ քամի է եղել, դելտապլանն արագ է շարժվել, այդ պատճառով էլ թռչունները չեն հասցրել նրա հետեւից: Երկրորդ թռիչքը հաջող է անցել, գրում է NEWSru.com-ը:
Չնայած նախօրեին նախագահի մամուլի քատուղար Դմիտրի Պեսկովը միայն նշել էր, որ Պուտինը նախկինում սովորել էր դելտապլանով թռչել, պարզվել է, որ նախապատրաստումը տեւել է կես տարի:
Ավագ օդաչու Իգոր Նիկիտինը հայտնել է, որ Պուտինի ընդհանուր թռիչքը կազմել է 17 ժամ: 25 ժամվա դեպքում նա արդեն կարող է ստանալ օդաչուի վկայական:
Վլադիմիր Պուտինը նշել է, որ զգացողությունները տարբեր են, երբ նա փորձել էր վարել կործանիչները: «Այնտեղ օդաչուն պարզապես ինձ փոխանցել էր ջոյսթիքը, ինքնաթիռն ինքն իրեն գնում էր: Այստեղ զգացողությունը հետաքրքիր է, ադրենալին կա: Խորհուրդ եմ տալիս բոլորին փորձել», - ասել է նա:
Նախագահը նշել է, որ թռչունները լավ են իրենց պահել: «Թեւին աջից էին մոտենում, ձախից, շատ լավն էին եւ հաճելի զգացողություն էր», - նշել է նա:











