Հնարավորության դեպքում Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներման հարցը կընդգրկվի Եվրախորհրդարանի նստաշրջանի օրակարգ, որը կկայանա հաջորդ շաբաթ՝ Ստրասբուրգում։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է բրիտանացի խորհրդարանական Չարլզ Թանոկը՝ ավելացնելով, որ տեղի ունեցածն ապշած ու սարսափած է։
«Կարծում եմ, որ դա ամոթալի եւ ողբերգական օր է Ադրբեջանի, ինչպես նաեւ Հունգարիայի արդարադատության համար, որը որպես ԵՄ անդամ երկիր պետք է հետեւի ամենաբարձր չափանիշներին։ Սառնասիրտ սպանություն կատարած անձը, ինչպիսին Սաֆարովն է, պետք է դատապարտվի ցմահ կամ երկարաժամկետ ազատազրկման։ Եվ երբ Հունգարիայի իշխանությունները արտահանձնում էին մարդասպանին Ադրբեջանին, ապա պետք է իմանային, որ Ալիեւի կողմից նրան ներում շնորհելու մեծ հավանականություն կար»,- հայտարարել է Թանոկը։
Բրիտանացի պատգամավորը, ով նաեւ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, նշել է, որ Հունգարիան արտահանձնումից առաջ պետք է երաշխավորեր, որ Սաֆարովը շարունակելու է պատիժը կրել հայրենիքում։
«Հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առանց այդ էլ լարված են, եւ Բաքվի այս քայլը շատ սադրիչ եւ վնասարար էր։ Ես ծանոթ եմ այն մեղադրանքներին, ըստ որի, Հունգարիան գնացել է այդ քայլին, որոշակի ֆինանսական օգնության դիմաց։ Եթե դա իսկապես այդպես է, ապա դա պարզապես խայտառակություն է։ Եվրոպական ժողովրդավարությունում անհնար է արդարադատությունը գումարով առնել, եւ եթե այս փաստը հաստատվի, ապա հույս ունեմ, որ ԵՄ անդամ բոլոր երկրները եւ կառավարությունները կհասկացնեն Բուդապեշտին, որ դա անընդունելի է»,- հայտարարել է Թանոկը։




























