Երեւանի կոնյակի գործարանը (ԱՐԱՐԱՏ բրենդ) խաղողն այս տարի կմթերի կգ-ը 140 դրամով (Արարատյան դաշտում) եւ 130 դրամով (Տավուշի մարզում): Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Հիշեցնենք, որ նախորդ տարի մթերումն իրականացվում էր համապատասխանաբար 130 եւ 120 դրամով:
Սեպտեմբերի 10-ին մթերումը կմեկնարկի Այգավանի մասնաճյուղում (Արարատի մարզ), 11-ին՝ Արմավիրի մասնաճյուղում, իսկ 20-ին՝ Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ); Նախատեսվում է մթերել 24 հազ. տոննա խաղող՝ 3000 տոննայով ավելի, քան նախորդ տարում: «Բերդի տարածաշրջանում կգնենք այն ամբողջ խաղողը, ինչ գյուղացին կառաջարկի, դրանով կաջակցենք նաեւ սահմանամերձ գյուղերի գյուղացիներին»,- ասաց Ա. Գրիգորյանը: Նրա տեղեկացմամբ՝ Տավուշի մարզում խաղողի շաքարայնությունը ցածր է Արարատյան դաշտի խաղողի համեմատ, ինչով էլ պայմանավորված է մթերման գների տարբերությունը:
Ա. Գրիգորյանը նշեց, որ խաղողի գին սահմանելիս հաշվի են առել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունները: «Հռոմի պապից կաթոլիկ պետք չէ լինել, ժողովրդավարության օրրան հանդիսացող շատ երկրներում կարգավորվում են տվյալ պետությւոնում կարեւոր ճյուղերի եւ ապրանքների գները, սկսած՝ կաթի գինը Ֆրանսիայում, կամ ձկան գինը Նորվեգիայում»,- ասաց Ա. Գրիգորյանը:
ԵԿԳ վաճառքի ծավալներն այս տարի ավելացել են մոտ մեկ երրորդով՝ հուլիս-օգոստոսին հասնելով 240 հազ. տոննայի: Մոտ 30%-ով ավելացել է նաեւ արտահանումը, կրկնապատկվել են շահույթները:




























