Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, այսօր` սեպտեմբերի 7-ին հրապարակվեց թիվ 4/27 ընտրատեղամասում ԲՀԿ կուսակցության օգտին ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվող Արմեն Մաթեւոսյանի դատավճիռը: NEWS.am-ի թղթակցին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից հայտնեցին, որ Արմեն Մաթեւոյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման՝ նույնքան ժամկետով փորձաշրջանով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ թիվ 4/27 ընտրատեղամասում ԲՀԿ կուսակցության օգտին ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով բերման էր ենթարկվել Արմեն Մաթեւոսյանը: Ահազանգ էր ստացվել, որ Ներքին Չարբախի երրորդ փողոցի բնակիչը նշել է, որ իրենց թաղամասի ԲՀԿ շտաբի պետը վերցրել է իր եւ իր կնոջ անձնագրային տվյալները, որի դիմաց առաջարկելով 20 հազար դրամ ընտարակաշառք, որպեսզի քվեարկեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, իսկ մեծամասնականով` ԲՀԿ թեկնածու Լյովա Խաչատրյանի օգտին: Ավելի ուշ Արմեն Մաթեւոսյանի պայուսակում եւ գրպանում, հայտնաբերվել է համապատասխանաբար 380 000 եւ 128 000 դրամ գումար, ինչպես նաեւ` նոթատետր` տարբեր քաղաքացիների մասին գրառումներով: Պարզվել է, որ Ա. Մաթեւոսյանը գումար է տվել երկու հոգու՝ համապատասխանաբար 35.000 եւ 15.000 դրամ, որպեսզի վերջիններս եւ նրանց ընտանիքի անդամները քվեարկեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին: Դատարանը նրան հանցավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 154/ 2 հոդվածի 2-րդ մասով՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը: Ամբաստանյալն ընդունել էր իր մեղքը եւ խնդրել մեղմ պատիժ:



























