Ստամբուլում 1955թ. հույների ջարդերն արժանի դատապարտում չեն գտել Հունաստանում եւ Հայաստանում: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի հունական ոչ կառավարական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Խիտարովը:
«Ցավոք, 1955թ. իրադարձությունենրը մինչ այժմ քիչ հայտնի են մնում ինչպես համաշխարհային, այնպես էլ հայ հանրության համար: Այդ հանցագործության համար քիչ բան է արվում հենց նաեւ Հունաստանում. հետեւողականորեն այդ հարցը բարձրացնում է միայն Կոստանդնուպոլիսյան հույների կազմակերպությունը: Կառավարական մակարդակով ոչ մի նկատելի բան չի արվում»,-նշեց Խիտարովը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հիմնականում կառավարության հետ համագործակցությունը կենտրոնացած է պոնտացի հույների ցեղասպանության հարցում է . «Անգամ այդ հարցում շատ առաջընթաց չկա: Ուստի հազիվ թե հնարավոր լինի գործնական քայեր ակնկալել ստամբուլյան ջարդերի մասով»,-ասաց Խիտարովը:
Նշենք, որ 1955թ. Ստամբուլում հույների ջարդերը հրահրվել էին Թուրքիայի կառավարության կողմից: Ջարդերի ժամանակ մի քանի տասնյակ քաղաքացի էր զոհվել, ինչն արագացրել էր հույների արտագաղթը Ստամբուլից եւ ողջ Թուրքիայից:





























