Շատ կարեւոր է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հստակ հայտարարություն արեց Ադրբեջանում մարդասպանի ներման շնորհման հետ կապված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային համագործակցության եւ գլոբալիզացիայի վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` նշելով, որ ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը օգտակար է Հայաստանի համար. դա կատարելագործում է հայկական բանակը:
Եւ այն խոսքերը, որ ՆԱՏՕ-ն անհանգստացած է հանցագործին հերոսացնելու փաստով, կարեւոր են, քանի որ այդ լուրջ կազմակերպությունը երբեք հետխորհրդային տարածքում հակամարտություններով չի զբաղվել. «Սա շատ կարեւոր է Հայաստանի եւ տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար»:
Քաղաքագետի կարծիքով` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը տարածաշրջանի երկրներին այն է, որ դաշինքը պատրաստ է համագործակցել Հարավային Կովկասի երկրների հետ: Եւ ամենակարեւորն այն է, որ գլխավոր քրատուղարի այցը նպաստում է տարածաշրջանում կայունությանը:





























