Հայաստանում սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ «Փոխգործակցություն-2012» ուսումնավարժանքների միացյալ շտաբի առաջին խորհրդակցությունը։ Այդ մասին NEWS.am-ին հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Խորհրդակցության ընթացքում նախօրեին Հայաստան ժամանած Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի ստորաբաժանումների հրամանատարներին ուսումնավարժանքների անցկացման վերաբերյալ առաջին հրահանգներն են տրվել», - հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը։
ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ «Փոխգործակցություն-2012» ուսումնավարժանքները Հայաստանի տարածքում կանցկացվեն սեպտեմբերի 15-19-ը։ Նախօրեին ժամանած ՌԴ-ի (շուրջ 300 մարդ), Ղազախստանի (46) եւ Բելառուսի (73) ստորաբաժանումները արդեն տեղավորվել են։ «Տեղավորման գործընթացը հաջող է ընթացել, առանց խնդիրների», - ասել է մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, ուսումնավարժանքներին նախատեսվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ 6 երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի եւ Ղրղըզստանի ԱԱՀՈՒ ազգային ուժերի մասնակցությունը։
Ուսումնավարժանքների թեման է «Կովկասի տարածաշրջանում հավաքական անվտանգության ուժերի եւ միջոցների համակարգի գործադրումը ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի մասնակցությամբ»։





























