Երեւանի Օրբելի փողոցում սեպտեմբերի 9-ին, տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով ծանր վիրավորված 3 երիտասարդների վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեցին «Արմենիա», «Էրեբունի» եւ Հերացու անվան թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոններից: «Արմենիա» բժշկական կենտրոնից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ Դավիթ Գրիգորյանի վիճակը կայուն ծանր է, իսկ Նորայր Խաչատրյանը տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն: «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության եւ լրատվության հետ բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը NEWS.am-ին փոխանցեց, որ բժիշկները Նորայր Խաչատրյանի վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում եւ ներկա պահին վերակենդանացման բաժանմունքում արհեստական շնչառության տակ է: Վթարի հետեւանքով Հերացու անվան թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոն տեղափոխված 19-ամյա Վլադիմիր Մարկոսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Հերացու անվան թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նա ստացել է ներքին օրգանների բազմակի տրավմաներ, բազմակի կոտրվածքներ եւ այլն: «Վլադիմիրին գիշերը վիրահատել են, որի ընթացքում մի ամբողջ բրիգադ է աշխատել, բայց վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,- ավելացրեց Անահիտ Հայթայանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Օրբելի փողոցում սեպտեմբերի 9-ին, տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով մահացել է Հայաստանի ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանի դուստրը` 18-ամյա Գայանե Մարկոսյանը: Վթարի հետեւանքով բոլոր տուժածները ուսանողներ էին. 17-ամյա Նորայր Խաչատրյանը, 19-ամյա Դավիթ Գրիգորյանը, վթարի հետեւանքով մահացած 18-ամյա Գայանե Մարկոսյանը եւ Վիկտորյա Ալոյանը սովորում էին Ֆրանսիական համալսարանում, իսկ 19-ամյա Վլադիմիր Մարկոսյանը` Սլավոնական համալսարանում:Մինչ այդ հայտնել էինք նաեւ, որ Երեւանի Օրբելի փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Վթարի ենթարկվելու հետեւանքով Հերացու անվան թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոն տեղափոխված 19-ամյա Վլադիմիր Մարկոսյանի վիճակը ծանր է: Ծանր է նաեւ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված Դավիթ Գրիգորյանի եւ Նորայր Խաչատրյանի առողջական վիճակը: Օրբելի փողոցում տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացել էին Վիկտորյա Ալոյանը եւ Գայանե Մարկոսյանը: Փաստով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ):





























