«Ժառանգություն» կուսակցության վարչությունը սեպտեմբերի 9-ի նիստում հավանություն տվեց Րաֆֆի Հովհաննիսյանի զեկուցմանը եւ նախագահական ընտրություններին ընդառաջ հարգեց պատգամավորական մանդատը չվերցնելու նրա որոշումը: Այդ մասին հայտնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 10-ին ԱԺ նիստում հայտարարել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը ընթերցել էր մանդատից հրաժարվելու` Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը: ԱԺ նախագահը նշել է, որ ըստ կանոնակարգ-օրենքի, եթե Հովհաննիսյանը 15 օրվա ընթացքում ետ չվերցնի մանդատից հրաժարվելու դիմումը, ինքնաբերաբար հրաժարականը ընդունված կհամարվի եւ նա կզրկվի մանդատից:

Հովհաննիսյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրացուցակով, որի առաջին համարն էր: Դեռ ընտրություններից հետո լուրեր էին շրջանառվում, որ նա հրաժարվելու է մանդատից, իսկ դրա շուրջ քննարկումները «Ժառանգությունում» կայանալու էին սեպտեմբերին:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի