Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբն օրերս եզրափակեց իր 40-նօրյա համերգային փայլուն շրջագայությունը Ճապոնիայի 18 քաղաքներում եւ վերադարձավ հայրենիք:
Համերգաշարը նվիրված էր հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների 20, հայ գրատպության 500 – ամյակներին, ինչպես նաեւ Յունեսկոյի կողմից Երեւանը` 2012 թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն: Հրավերը ստացվել էր ճապոնական հայտնի «Մին Օն» կազմակերպության կողմից, որն, ըստ կազմակերպության նախագահ Հիրոյասու Քոբայասիի, տարեկան կազմակերպվող շուրջ 1000 համերգների թվում ընդգրկում է արտերկրից եկող միայն այն երաժիշտներին ու խմբերին, որոնք ունեն միջազգային ճանաչում եւ կարգով բարձր են ճապոնական նմանատիպ կատարողներից:
2002 թ.-ին Երգչախմբային Եվրոպական Ֆեդերացիայի կողմից «Աշխարհի լավագույն երգչախմբի» եւ «Եվրոպայի մշակույթի դեսպանի» տիտղոսներին արժանացած մեր երգչախմբի համբավը վաղուց էր հասել Ճապոնիա, եւ այստեղ գրեթե բոլոր քաղաքներում համերգների տոմսերը սպառվել էին մինչեւ Տիգրան Հեքեքյանի եւ իր սաների տեղ հասնելը: Որոշ ճապոնացիներ գնացքի, նույնիսկ` օդանավի, տոմս էին պատվիրում մեկ այլ քաղաք հասնելու եւ այնտեղ երգչախմբին ունկնդրելու համար: Համերգներից հետո իրենց հիացումը հայտնում էին հուզմունքի արցունքները հազիվ զսպելով` անտեսելով զգացմունքները չարտահայտելու ազգային սովորությունը:





























