Սերգեյ Լավրովը եւ Հիլարի Քլինթոնը կփորձեն նվազեցնել Երեւանի եւ Բաքվի լարվածությունը` մինչեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մեկնարկը: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչը` ԱԽՏՀ-ի շրջանակներում Վլադիվոստոկում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
Ներկայացուցչի խոսքով, սեպտեմբերի 8-ին Լավրովը եւ Քլինթոնը հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցով մտքեր են փոխանակել: «Ինչպես հայտնի է, մենք հիասթափվել ենք հունգարական բանտի ադրբեջանցի բանտարկյալի վերջերս ազատ արձակվելու փաստից: ՄԱԿ ԳԱ շրջանակներում մենք, որպես Մինսկի խմբի գործընկերներ, սովորաբար փորձում ենք Լեռնային Ղարաբաղի հարցով որեւէ միջոցառում կազմակերպել: Հարց է ծագում, որքանո՞վ է այժմ այն նպատակահարմար, կարո՞ղ ենք մենք օգնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծագած լարվածության նվազեցմանը»,-հայտնել է նա:
Պատասխանելով հարցերին` պետդեպարտամենտի ներկայացուցիչը ավելացրել է, որ վերջին դեպքի կապակցությամբ բանակցային մթնոլորտը այս տարի ավելի բարդ վիճակում է, քան նախորդ տարիներին:Այդ պատճառով կողմերը պայմանավորվել են կապ պահպանել եւ փորձել նվազեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստեղծված լարված հարաբերությունները` մինչեւ ՄԱԿ-ի Վեհաժողովի մեկնարկը:
Հիշեցնենք, որ հերթական նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին:





























