Հայ խաղաղարարների խումբը  ուսումնառության դասընթաց է անցել Գերմանիայում: Այդ մասին NEWS.am-ին հաղորդեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Ինչպես հայտնի է, օգոստոսի 15-ից հայ խաղաղարարների խումբը` բաղկացած 116 հոգուց,  ուսումնառության դասընթաց էր անցնում Գերմանիայում: Խումբն անցել է երեքշաբաթյա դասընթաց եւ սեպտեմբերի 4-ին վերադարձել Հայաստան», - հայտնել է է մամուլի քարտուղարը: Նրա խոսքով`Գերմանիայում հայ զինծառայողները պատրաստականություն են անցել` Կոսովոյի  «Բոնդսթիլ» ամերիկյան կայանում տեղակայվելուց առաջ: Նրանք պարեկային ծառայություն կանցկացնեն` ապահովելով անցակետի անվտանգությունը, նաեւ` զանգվածների կառավարում, ուղեկցում:  «Նման ուսումնական ծրագրերը շատ կարեւոր են մեզ համար», -ընդգծել է  Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը Կոսովոյի խաղաղարարական առաքելությանը մասնակցում է 2004թ. փետրվարի 12-ից: Հայկական  «կապույտ բերետները» ծառայություն են անցնում Ուրոշեւաց քաղաքում` հունական ջոկատի կազմում: Խմբերը փոխվում են ամեն կես տարին մեկ: