Սեպտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավ Աֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպան Չուպու Ստենլի Մաթհաբաթհային (նստավայրը՝ Կիեւ)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ողջունելով հյուրին եւ շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ նրա գործունեությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին: Նախարարը նաեւ հավելեց, որ հայկական կողմը կարեւորում է հարաբերությունների զարգացումը աֆրիկյան առաջատար երկրների, այդ թվում Հարավ Աֆրիկյան Հանրապետության հետ:

Դեսպան Մաթհաբաթհան շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ վստահեցրեց, որ ջանք չի խնայի  երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգացնելու եւ ընդլայնելու համար:

Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, տնտեսական, տեխնիկական եւ գիտակրթական համագործակցության զարգացմանն առնչվող հարցերին: Այս համատեքստում նշվեց Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության եւ Հարավային Աֆրիկայի Հյուսիսային Քեյփի նահանգի կառավարության միջեւ կնքված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ոսկերչության եւ ադամանդագործության ոլորտում համագործակցությունը եւ մասնագիտական փորձի փոխանակումը:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ: