Իրանը պետք է զգուշացնի Ադրբեջանի իշխանություններին հրաժարվել  ԱՄՆ-ի եւ Իսրայելի`Իրանից թուրքալեզու իրանցի ազերիներով բնակեցված  մարզերի անջատման ծրագրերին: Այս մասին «Նամա» գործակալության հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է Իրանի արտաքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Էսմաիլ Կոուսարին:

«Իրանի իշխանությունները պետք է Ադրբեջանի իշխանություններին հասկացնեն, որ նրանք պետք է զգուշանան նման գործողություններից: Շահագործելով թուրքալեզու իրանցի ազերիների թեման` Բաքուն, անկասկած, մեծ կորուստներ կկրի եւ թանկ կվճարի նման գործողությունների համար»,-ասել է նա:

Էսմաիլ Կոուսարին նշել է, որ միչեւ հիմա Իրանի հակառակորդների ծրագրերում եղել է իրանական մարզերի անջատման գաղափարը: Սակայն, տեսնելով, որ այդ գաղափարը չի իրականացվում, նրանք անցել  են Սիստան, Բելուջիստան նահանգների եւ Ադրբեջանի թեմայի  շահարկմանը, որը նույնպես հաջողություն չի ունենա, քանի որ Իրանը ամբողջովին վերահսկում է իրավիճակը»-, հայտնում է «Ռոսբալտը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ կոնգրեսական Դ. Ռորոբախերը օգոստոսին պաշտոնական նամակ է ուղարկել Հ. Քլինթոնին, այն մասին, որ անհրաժեշտ է աջակցել Իրանից Հարավային Ադրբեջանի անկախության համար մղվող պայքարին եւ դիտարկել այն Ադրբեջանական Հանրապետությանը միավորելու հավանականությունը։

Մի շարք փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ն պատրաստվում է Ադրբեջանին միացնել էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված  Իրանի հյուսիսային տարածքները` Իրանի դեմ ռազմական գործողություններին Բաքվի մասնակցության դիմաց: