ՏԻՄ ընտրությունները չպետք է դիտարկել որպես նախագահական ընտրությունների փոքր մոդել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը` կայացած ՏԻՄ ընտրությունները համարելով կանխատեսելի:

Արսենյանի խոսքով` ՏԻՄ ընտրությունները պետք է այլ հարթության վրա դիտարկել, քանի որ դրանք բոլորովին այլ նպատակ ունեն. «Դրանք այնքան էլ քաղաքական ընտրություններ չեն: Մարդիկ ընտրում են ղեկավարի, որպեսզի նա կառավարի, ոչ թե «պետի»: Դրա համար նրան լիազորություններ են տալիս»:

Հարցին, թե ինչպես է մեկնաբանում Գյումրիի քաղաքապետի պաշտոնում ԲՀԿ թեկնածուի հաղթանակը, Արսենյանը նշեց, որ քաղաքական համակարգի դրսեւորումներից մեկն այն է, որ ՏԻՄ ընտրություններում լինում են քաղաքական առաջադրումներ: Դա նշանակում է, որ քաղաքական համակարգը կայացել է, այն չի կարող լավ կամ վատ բնորոշել, բայց այն կայացել է: «Ինչ վերաբերում է նրան, թե ով է ընտրվել այս կամ այն համայնքում, ապա դա, մեծ հաշվով, ժողովրդի ընտրության արդյունք է: Եվ շատ կարեւոր է, թե կարող է արդյոք այս կամ այն թեկնածուն արդարացնել հույսերը: Կարեւոր է նաեւ, որ ՏԻ մարմինների գործունեությունը նպաստի նրան, որ մարդիկ ամուր կապված մնան իրենց երկրին: Այսինքն, միգրացիային խոչընդոտող միջոցներից մեկը ճիշտ աշխատող ՏԻ մարմիններն են»: