Հայաստանի Ազգային ժողովում նիստն սկսելուց մի քանի րոպե անց տեխնիկական խնդիր առաջացավ, որը պատգամավորներին ու խորհրդարանի խոսնակին թույլ չտվեց ելույթ ունենալ:
Ձայնային խափանումներով սկսեցին աշխատել բարձրախոսները, հետո բոլորովին լռեցին, ինչը մի քանի րոպե շարունակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին հնարավորություն չտվեց հայտնելու, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու «Սպառողների կոոպերացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Օրենքի այլ նախագծերի թվում խորհրդարանը հավանություն տվեց «Ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագրին, որը ստորագրվել էր 2011թ. հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում: Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաեւ «Հայաստանի քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Այս պահին Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը խորհրդարանին ներկայացնում է 2011 թվականի հաշվետվությունը, նշելով, որ խախտումներ են հայտնաբերվել սոցիալական ապահովության, ինչպես նաեւ քաղաքաշինության ոլորտներում:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























