Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն անձամբ է տվել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հրամանը, չնայած որ իմացել է, որ հայրենիքում նրան ազատելու են: Նա դա խոստովանել է նախորդ շաբաթ իր կուսակցության փակ  հանդիպման ընթացքում: 

Ինչպես երկրի կառավարության եւ իշխող  (Fidesz) կուսակցության աղբյուրներին վկայակոչելով հայտնում է հունգարական  Origo.hu կայքը,  կուսակիցները Օրբանին  բազմիցս նախազգուշացրել էր նման քայլի վտանգի եւ հետեւանքների մասին, սակայն նա որոշել է անել դա եւ վարկային միջոցներ ձեռք բերել բյուջեի համար:

Հանդիպման ընթացքում Օրբանը խոստովանել է, որ սպասել է խնդիրների, սակայն կարծել է, որ Սաֆարովին  կազատեն մեկ ամիս անց` «առողջական վիճակից ելնելով»: Չնայած Հունգարիայի ադարադատության նախարար Թիբոր Նավարչիչի բողոքներին եւ փորձագետների բազմաթիվ  նախազգուշացումներին, օգոստոսին Օրբանը հրաման է տվել ստորագրելարտահանձնման որոշումը: 

Ինչպես նշում է  Origo-ն, կքաղաքական գործիչները համաձայն են, որ  «դեպքը լպրծուն էր, սակայն համամիտ են վարչապետի հետ, որ իրադրությունը շտկելու լավագույն եղանակը ամբողջ գործն արհամարհելն է»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հայ սպայի սպանության համար Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը օգոստոսի 31-ին Հունգարիայից  արտահանձնվել էր Ադրբեջան, որտեղ ներման էր արժանացել նախագահի կողմից: 

Հենց նույն օրը Հայաստանը դադարեցրել էր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մինչ այժմ Հունգարիայի ղեկավարությունը փորձում է արդարանալ, նշելով, որ Հունգարիան ամեն ինչ արել է միջազգային օրենսդրության սահմաններում, իսկ Ադրբեջանը խախտել է տված խոստումները: