Սեպտեմբերի 11-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Գերմանիայի ԶՈՒ գործողությունների հրամանատարության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացին:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ողջունելով Ռայներ Գլացի ղեկավարած պատվիրակությանը, Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ծրագրած «ԱՅՍԱՖ» գործողության կազմում ԳԴՀ զինված ուժերի հետ համագործակցությունը:

«Հայ զինծառայողներն արդեն երկու եւ կես տարի է հաջողությամբ պատասխանատվության իրենց մասն են կրում Աֆղանստանում՝ ԳԴՀ եւ այլ երկրների զինծառայողների հետ համատեղ: Այդ հաջողության բանաձեւը հիմնված է հայ-գերմանական ջերմ եւ բարեկամական հարաբերությունների վրա»,- ընդգծել է պաշտպանության նախարարը եւ հավելել, որ Հայաստանը պլանավորում է 2013 թվականի ընթացքում շարունակել նույն կազմով ուժեր տրամադել Աֆղանստանում իրականացվող գործողություններին: Այնուհետեւ Սեյրան Օհանյանը գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացին ներկայացրել է Հայաստանի Զինված ուժերի փորձը միջազգային խաղարար գործողություններում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացը բարձր է գնահատել հայկական կողմի մասնակցությունը Աֆղանստանում իրականացվող գործողություններին՝ ընդգծելով, որ հայ զինծառայողները «շատ վստահելի, հուսալի եւ պրոֆեսիոնալ են»:

Սեպտեմբերի 11-ին գեներալ-լեյտենանտ Ռայներ Գլացին ընդունել է նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ հետագա համագործակցության հեռանկարները: