Խորհրդարանական խայտառակ ընտրություններից հետո վերջերս տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դարձան հաստատված «ավանդույթների» շարունակությունը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովի   նիստի ժամանակ հայտնել է խորհրդարանական ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը:

Պատգամավորի գնահատականով, Հայաստանում խախտված է ժողովրդավարությունը, վարչական ռեսուրսների կիրառման արդյունքում քաղաքացիները զրկվել են ընտրելու իրավունքից: Դրա վառ ապացույց է Թալինում, Ախթալայում, Սիսիանում, Կապանում եւ Գյումրիում տեղի ունեցած ընտրությունները: Պատգամավորի կարծիքով, ավելորդ է խոսել , որ ընտրությունների ընթացքում տեղական կառավարման մարմինները օգտագործել են վարչական ռեսուրսները, բացի այդ գրանցվել  են նաեւ կաշառքի բաժանման դեպքեր, ինչը նույնպես ազդել է ընտրությունների արդյունքների վրա: «Քաղաքակիրթ երկրներում տեղական ինքնակառավարաման ընտրությունները համարվում են ժողովրդավարության հիմքը, բայց դա միայն քաղաքակիրթ երկրներում է այդպես, մեզ մոտ տեղի ունեցողը հազիվ թե ընտրություն անվանես: Ընտրությունների ժամանակ  վարչական-ֆինանսկան ռեսուրսների շնորհիվ ժողովուրդը զրկվել է ձայնի իրավունքից»,-հայտնել է Ռուստամյանը:

Պատգամավորի խոսքով, իշխանությունները փորձել են գործող  քաղաքապետի ինքնաբացարկը ներկայացնել որպես անխուսափելի պարտություն, մինչդեռ Հանրապետական կուսակցության ներկայացուցչի դեմ պաշտոնական տվյալներով քվեարկել է 6 հազար մարդ:

Նա նաեւ նշել է, որ ընտրություններում մասնակցության ցածր ցուցանիշը խոսում է ժողովրդի հիասթափության մասին, որը ընտրություններից ընտրություն ավելի է կորցնում իր հավատը: