«Հունգարիան սայթաքում է Լեռնային Ղարաբաղի վրա» վերնագրով հոդված է լույս տեսել ֆիննական «Helsingin Sanomat» օրաթերթում, որն ամենամեծն է ողջ Սկանդինավներում:
Թերթը նախ տեղեկացնում է Բուդապեշտում ադրբեջանցու կողմից հայ սպայի դաժան սպանության մասին, ապա նշում, որ օգոստոսի 31-ին Հունգարիան մարդասպան Ռամիլ Սաֆարովին ուղարկում է իր հայրենիք: Ինքնաթիռում արդեն տոնում են Սաֆարովի հերոսությունը: Իսկ Բաքվում Ալիեւը անմիջապես ներում ու մայորի զինվորական կոչում է շնորհում նրան:
«Պատերազմի թեման շատ ցավոտ է ընկալվում Ադրբեջանում, ուստի եւ դրանով էլ բացատրվում է Սաֆարովի այսպիսի հերոսացումը. հայրենասեր Սաֆարովը թշնամու զիվոր է սպանել», -հեգնանքով գրում է թերթն ու շարունակում. «Հայաստանը, բնականաբար, Սաֆարովի արտահանձնման պատճառով զայրույթի մեջ է: Վերջ է դրել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերություններին: Երեւանի փողոցներում մարդիկ բողոքում են, այրում հունգարական դրոշը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է նոր պատերազմի: Այսօր Հայաստանում քննարկումներ են ընթանում, թե անհրաժեշտ է անմիջապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ վերջինիս մայրաքաղաք Ստեփանակերտում օդանավակայան բացել:
Ադրբեջանը ժամանակին սպառնացել է, որ կհարվածի ցանկացած ինքնաթիռ, որը պատրաստվի Ստեփանակերտի օդանավակայան վայրէջք կատարի:
Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը եւ նրա շուրջ ընկած տարածքները ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, սակայն իրականում դրանք վերահսկվում են հայկական կողմից: Ոչ ոքի մտքով չի էլ անցնում, թե ինչպես կարելի է հայկական փոքրամասնությանը հանձնել Ադրեբաջանի տիրապետությանը: Եվ Սաֆարովի ներումն ու հերոսացումը չի օգնում ոչ մի կերպ, որպեսզի հավատալ Ադրբեջանի խոսքին:
Ադրբեջանը Հունգարիային Սաֆարովի գործարքի համար խոստացել է 2 միլիարդ եվրո, իհարկե սա մեծ բան է սնանկացած Հունգարիայի համար: Սակայն այլ կասկածներ են առաջանում. արդյո՞ք արդեն Եվրամիության տարածքում կարելի է դատապարտված մարդասպաններ փողով ազատել»:




























