ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը առաջարկում է, որ նախագահական ընտրություններում լինի մեկ հիմնական թեկնածու` հանձինս իրեն, իսկ նախկին եւ ներկա նախագահները սատարեն իրեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին հրավիրված ասուլիսում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքով երկրի ներքաղաքական կյանքում էական ներդնում ունեցող մարդը ինքն է: «Դրա մասին ես եմ ասում, որովհետեւ դուք չեք ասում»,- լրագրողներին ասաց ԱԻՄ նախագահը: Պարույր Հայրիկյանի խոսքով, Լեւոն Տեր-Պետրոսյանը իր կյանքի տարբեր փուլերում ունենում է ողջախոհության դրսեւորումներ: «Փուլերում միայն, ոչ թե մշտապես: Կարող է հիմա էլ մի այդպիսի փուլ ապրի եւ որոշի, որ ժամանակն է պաշտպանել այն մարդուն, ում մասին ինքն ասում էր, թեՊարույր Հայրիկյանը այն մարդկանցից մեկն է, ով ամբողջատիրության դժվարին տարիներին ճանապարհ բացեց մեզ համար: Կարող է դա հիշելով որոշի, որ ժամանակն է պաշտպանել Պարույր Հայրիկյանին : Ոչ Պարույր Հայրիկյանի, այլ հանուն այն լուսավոր գաղափարների, որոնց Պարույր Հայրիկյանը փորձում է ծառայել: Նույնը կարող են անել մյուսները` Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը»,- առաջարկեց Պարույր Հայրիկյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























