Հալեպի ճանապարհին կրակահերթի տակ ընկած հայերը ապաքինվում են: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը, կրակահերթի պատճառով տուժել է 14 մարդ, որոնցից երկուսը արդեն դուրս են գրվել:«Բժիշկների խոսքով, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում»,-հայտնել է Ժիրայր Ռեիսյանը: Նրա խոսքով, տուժածների մեջ է նաեւ մեքենայի քրիստոնյա վարորդը, ով ազգությամբ հայ չէ: Մնացած բոլոր տուժածները հայեր են: Բացի այդ, մեքենայում եղել է նաեւ մեկ երեխա, ով, բարեբախտաբար, չի տուժել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հալեպի օդանավակայանից քաղաք տանող ճանապարհներից մեկի ուղղությամբ հնչած կրակահերթի արդյունքում 4 հայ է զոհվել` Արթուր Սուլավյանը, Արսեն Պեպեջյանը, Հրաչ Պեպեջյանը եւ Մեսրոպ Աճեմյանը: Մարդիկ 10 մեքենաներով (անվտանգության համար շարասյուն կազմած) վերադառնում էին իրենց տները:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ այսպես կոչված «Սիրիական ազատ բանակի» ռազմական գործողությունների արդյունքում, որին ակտիվ աջակցություն է ցուցաբերում Թուրքիան եւ արեւմուտքը, զոհվում են Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Սեպտեմբերի 9-ին Հալեպի մերձակայքում Սիրիական արաբական բանակի եւ գրոհայինների բախումների հետեւանքով մեկ հայ էր զոհվել : Սիրիայի ճգնաժամի ողջ ընթացքում ընդհանուր առմամբ զոհվել է մոտ երկու տասնյակ հայ:





























