Նախքան մտածելը, թե ԵԽԽՎ-ում ինչ հարցեր կհնչեցնի հայկական պատվիրակությունը, անհրաժեշտ է հասկանալ այն սկզբունքը, որով գործում է պատվիրակությունն ինքը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մշտական անդամ Լեւոն Զուրաբյանը` պատասխանելով հարցին, թե ինչ խնդիրներ է մտադիր բարձրացնել ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի ընթացքում:
Պատգամավորը հայտնել է, որ այսօր կայացել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նիստը` Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, որի ընթացքում քննարկվել են ԵԽԽՎ-ի հանձնաժողովների աշխատանքին մասնակցելու կազմակերպչական հարցեր:
«Պետք է նշեմ, որ քննարկումների ընթացքում տեղ են գտել լուրջ հակասություններ, քանի որ Հարությունյանը փորձում է անցկացնել այն տարբերակը, որում ընդդիմության պահանջներն անուշադրության են մատնված: Եվ դրան նա փորձում է հասնել խորհրդարանական մեծամասնության մեխանիզմի կիրառմամբ», -ասել է Զուրաբյանը:
Ի պատասխան այն հարցին, թե ընդդիմության որ պահանջներն են անուշադիր մնացել, Զուրաբյանը նշել է, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները պետք է ներկայացված լինեն քաղաքական հանձնաժողովում եւ մարդու իրավունքների հանձնաժողովում: «Մենք 4 տարի բախվել ենք այդ հարցերին եւ մշտական աշխատանք ենք կատարել ԵԽԽՎ-ում: Ես արդար եմ համարում, որ ՀԱԿ-ը, լինելով խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը, ներկայացված լինի ԵԽԽՎ-ի այդ հանձնաժողովներում: Սակայն մեր այդ պահանջները մերժվում են: Նրանք ցանկություն չունեն որեւէ զիջման գնալ», - բացատրել է ընդդիմադիրը: Նշենք, որ համաձայնության գալու կողմերի փորձը հաջողությամբ չի պսակվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը գլխավորելու է Ազգային ժողովի Հանրապետական կուսակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Պատվիրակության կազմում որպես մշտական անդամներ ընդգրկվել են նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:
Պատվիրակության կազմում են նաեւ ԲՀԿ-ական Վահե Հովհաննիսյանը, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը, ՀՅԴ -ից Արմեն Ռուստամյանը եւ Զարուհի Փոստանջյանը` «Ժառանգությունից»:





























