Քանի որ ԵԽԽՎ-ի խորհրդարանական պատվիրակության նիստում չի հաջողվել համաձայնության գալ ԵԽԽՎ-ի հանձնաժողովների աշխատանքին  դրա անդամների մասնակցության հետ կապված, պատվիրակության ղեկավարն առաջարկել է կիրառել Դ'Օնդթեի մեթոդը: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 12-ին, հայտնել է  «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը:

«Քանի որ չհաջողվեց համաձայնության գալ, այս պահին պատվիրակությունը կրկին հավաքվել է տվյալ հարցի քննարկման համար: Ինչպես պարզվել է, պատվիրակության բոլոր անդամները ցանկանում են աշխատել քաղաքական եւ մարդու իրավունքների հանձնաժողովներում», - բացատրել է Զոհրաբյանը:

Ի պատասխան այն հարցին, թե համաձայն է նա արդյոք Զուրաբյանի կարծիքին, որ Դ’ Օնդթեի մեթոդը հատուկ է կիրառվում, պատգամավորը նշել է. «Կարծում եմ` դա միտումնավոր չի արվում, քանի որ Դ’Օնդթեի մեթոդով աշխատում են աշխարհի  բազմաթիվ խորհրդարաններ, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ն, մեր խորհրդարանական հանձնաժողովները:  Դա ընդդիմադիր պատգամավորներին  քաղաքական իրադարձություններից հեռու պահելու նպատակ չի հետապնդում: Ես անձամբ ցանկանում եմ լինել ԵԽԽՎ-ի քաղաքական հանձնաժողովում, սակայն տեսնենք` նման հնարավորություն կընձեռվի արդյոք «Բարգավաճ Հայաստանին»: Եթե չընդգրկվեմ քաղաքական հանձնաժողովում, ապա դա չեմ դիտարկի որպես կանխամտածված քայլ»:

Պատասխանելով այն հարցին, թե սա չի արտացոլվի ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքի վրա, Զոհրաբյանն ասել է, որ պատվիրակության նիստի ընթացքում բուռն կրքերը չեն արտացոլվի գործունեության  արդյունավետության վրա:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի