Հայաստանից միգրանտների միջին տարեկան արտահոսքը, ըստ որոշ փորձագիտական գնահատականների, վերջին 10 տարում 20-25 հազար է: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը՝ պատասխանելով ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանի հարցադրմանը: Վերջինս կառավարությունից խնդրեց հստակ թվեր հրապարակել, թե քանի՞ մարդ է արտագաղթում Հայաստանից, ինչը, նրա կարծիքով, շահարկում են ընդդիմադիրները:

Սակայն Ա. Գեւորգյանն ասաց, որ առայժմ հստակ թվեր հայտարարել հնարավոր չէ, քանի որ մեթոդաբանական խնդիրներ կան: Միակ տեղեկատվական աղբյուրը օդանավակայանից եւ Բավրայի ու Բագրատաշենի մաքսային կետերից ստացվող տեղեկություններն են, սակայն մեթոդապես դժվար է գնահատել, թե այդ հոսքերից որ մասն են կազմում միգրանտները: Փոխվարչապետն ասաց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն առաջիկայում ավելի հիմնավորված թվեր կհրապարակի: