Դ’Օնդթի մեթոդով առաջարկ է պատրաստվել, թե Ազգային Ժողովի պատվիրակներից ով ԵԽԽՎ որ հանձնաժողովի անդամ կլինի: Առաջարկը ներկայացվել է ԱԺ նախագահի հաստատմանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ հանրապետական պատգամավոր, ԵԽԽՎ-ում խորհրդարանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը` նկատելով, որ վերջնական որոշումը խորհրդարանի նախագահինն է:

Հարությունյանը նպատակահարմար չգտավ հրապարակել, թե պատվիրակներից ում որ հանձնաժողովնէ  բաժին հասել: Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դժգոհությանը, Հարությունյանը նշել է, թե Դ’Օնդթի մեթոդն անթույլատրելի է եղել Զուրաբյանի համար եւ նա հրաժարվել է մասնակցել պատվիրակների բաշխման գործընթացին:

Հարցին, թե հակասություններն ինչպես կազդեն ԵԽԽՎ պատվիրակության աշխատանքի վրա, Հարությունյանը պատասխանեց. «Ցավալի է, որ խորհրդարանական պատվիրակությունն այդկերպ սկսեց իր աշխատանքը, սակայն ես չեմ եղել այդ ամենի նախաձեռնողը»: