Սաֆարովին ներում շնորհելը շատ ողբերգական դրվագ էր, եւ այդ սարսափելի ոճիրը չարժե փառաբանել: Այդ մասին «Եվրանյուզի» հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը` պատասխանելով հարցին` արդյոք Հայաստան կատարած այցի ընթացքում տեսել է հականատօյական ակցիաները եւ արդյոք պպատասխանատվություն չի զգում հայ սպայի հետ կատարվածի հարցում, որը Բուդապեշտում սպանվել էր ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ժամանակ:
«Դա շատ ողբերգական դրվագ էր: Թույլ տվեք նշել, որ ես Երեւանում ոչ մի հականատօյական ակցիա չեմ տեսել: Ես տեսել եմ երիտասարդների ելույթներ, ովքեր համաձայն չէին Սաֆարովին ներում շնորհելու Ադրբեջանի որոշմանը: Այդ սարսափելի ոճիրը չարժե փառաբանել»,- ասել է Ռասմուսենը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաեւ նշել է, որ խորապես անհանգստացած է նրանով, որ այդ սպային ներում շնորհելու Ադրբեջանի որոշումը կվերացնի վստահությունը եւ չի նպաստի տարածաշրջանի կայունությանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի կապակցությամբ ԵՊՀ-ում եւ նախագահական նստավայրի դիմաց հայկական ուսանողները բողոքի ակցիաներ էին կազմակերպել: Մասնակիցների ձեռքին եղել էին պաստառներ` հետեւյալ գրություններով. «Օրենքը բոլորի համար է», «Հունգարիան արժե 2 մլրդ, իսկ ՆԱՏՕ-ն որքա՞ն արժե», «Ամոթ», «արյուն=նավթ», «ՆԱՏՕ-ի դասընթացները կյանքի համար վտանգավոր են»: Ակցիաների մասնակիցները դժգոհություն էին հայտնել Սաֆարովի հարցում ՆԱՏՕ-ի ոչ համարժեք արձագանքի կապակցությամբ:





























