ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր մեկնել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադ` մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի 55-րդ նիստի աշխատանքներին: 

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին վերաբերող երկու տասնյակից ավելի հարցեր:

Մասնավորապես կքննարկվեն ԱՊՀ ինովացիաների եւ արտոնագրերի բանկի ստեղծման հայեցակարգի, Ուկրաինայի Չոպե քաղաքում միջազգային առեւտրացուցահանդեսային «Չոպինթրեյդէքսպո»  կենտրոնի ստեղծման մասին որոշման նախագծերը: Նիստում կքննարկվի նաեւ 2013-2014թթ.  ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության ոլորտում առաջնային միջոցառումների ծրագրի նախագիծը եւ մի շարք այլ հարցեր:

Նշենք, որ սեպտեմբերի 11-ին Հայաստանի Ազգային ժողովը վավերացրել է  2011 թվականի հոկտեմբերի 18-ին  Սանկտ-Պետերբուրգում ստորագրված «Ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագիրը, որը մինչ ստորագրումը քննարկումներ էր անցել ԱՊՀ տնտեսական խորհրդում: