Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր` սեպտեմբերի 13-ին, մեկնարկել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու եւ Վահե Ավետյանի մահվան գործով դատաքննությունը (ֆոտոռեպորտաժ):

Ամբաստանյալի աթոռին են հայտնվել վեց անձինք` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներ եւ նրան պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը:

Ինչպես դատարանից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը դատարանի մոտ են հավաքվել «Վահե Ավետյան» շարժման ակտիվիստները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում: Նրանց մի մասը դատարան է եկել երթով:

Դատական առաջին նիստում ներկայացրել են դատավարության կողմերին` ամբաստանյալներին, նրանց պաշտպաններին, մեղադրող կողմերին: Նշենք, որ դատին չի ներկայացել Վահե Ավետյանի հայրը` Գառնիկ Ավետյանը, որը ճանաչվել է որպես տուժողի իրավահաջորդ: Ի դեպ, դատավոր Դավիթ Հարությունյանը մի քանի անգամ նկատողություն արեց դահլիճում նստածներից մի քանիսին, որոնք ամբաստանյալներին դիմավորեցին «մարդասպան» արտահայտությամբ:

Այսօրվա նիստում դատավորը որպես տուժողի ներկայացուցիչ գործում ընդգրկեց նաեւ փաստաբան Վահե Գրիգորյանին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից  մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:

Հուլիսի 31-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը նախկինում առաջադրված մեկ մեղադրանքի փոխարեն երեք մեղադրանք էր առաջադրել: Վերաորակված մեղադրանքն առաջադրվել է բոլոր վեց կալանավորվածներին: Նոր մեղադրանքով նրանք մեղադրվում են 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը , որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից եւ անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), եւ 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):