Ծաղկաձորում ավարտվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Հայաստանի անկախության 21 եւ ՀԵՑ-ի 10-ամյակներին նվիրված սպորտային մրցաշարը: Ավանդական մրցաշարին մասնակցել են 400 աշխատակից, եզրափակիչ փուլ են դուր եկել 12 մասնաճյուղերի թիմերի 40 աշխատակիցներ: Մրցությունը կազմակերպվել էր 3 սպորտաձեւերից՝ շախմատ, սեղանի թենիս եւ նարդի: Շախմատում լավագույն թիմ ճանաչվեց Գեղարքունիք մասնաճյուղի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրեց ՀԵՑ վարչապարատի թիմը, իսկ 3-րդ պատվավոր տեղը գրավեց Մուսա լեռ մասնաճյուղի թիմը: Սեղանի թենիսում հաղթող ճանաչվեց Դեբեդ մասնաճյուղի մարզիկը, իսկ նարդու մրցումներում հաղթեց Հարավ մասնաճյուղը: «Այս մրցումները մեր ընկերության աշխատակիցների միջեւ անցկացվում է արդեն 7 տարի: Սա հրաշալի հնարավորություն է, որ մեր մեծ կոլեկտիվի անդամները միմյանց ավելի լավ ճանաչեն, չէ որ նրանք միասին պայքարում են, եւ սպորտային առողջ ոգին փոխանցվում է մեր կոլետիվին: Սպորտաձեւերն էլ տարբեր են. նարդին էմոցիոնալ, թենիսը աշխույժ իսկ շախմատը մտքի ճկունության սպորտ: Այս մրցումները դրական լիցքեր են տալիս մարդկանց, որը հետո մեր ամբողջ կոլետիվին է փոխանցվում»,-ասաց ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը՝ ավելացնելով, որ ՀԷՑ անդամները նաեւ ԱՊՀ միջազգային մրցումներում են մրցանակակիր դառնում:

Վերջերս ՀԷՑ թիմի անդամները ԱՊՀ երկրների էլեկտրամոնտաժողների մասնագիտական՝ օպերատիվ-վերականգնողական, մրցումներում «լավագույն վարպետ» եւ «լավագույն մրցավար» մրցանակի են արժանացել:

ՀԷՑ մրցումներին ուշադրության հետեւում եւ աջակցում են նաեւ Հայաստանի օլիմպիական կոմիտեն, որի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը մրցումների ավարտին կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից շնորհակալագիր փոխանցեց ՀԷՑ գլխավոր տնօրենին:

Շախմատի մրցումները, որն իր նկատմամբ վայելում էր ամենամեծ ուշադրությունը երկրպագուների կողմից, անցան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի եւ Օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ներկայությամբ:

«Այս մրցումը ինձ շատ է ոգեւորում, որովհետեւ ես տեսնում եմ, թե ինչպիսի դրական ազդեցություն է ունենում այն աշխատակիցների վրա: Կոլեկտիվը ընտանիք է դառնում, բացի դրանից այն նպաստում է շախմատի մասսայականացմանը»,- նշեց Լպուտյանը՝ ավելացնելով, որ նախորդ տարի ինքն ու Եվգենի Բիբինը փորձել են ուժերը մտքի խաղում:

Մրցման ավարտին օլիմպիական չեմպիոն Տիգրան Պետրոսյանը թիմերի հետ միաժամանակյա շախմատի սեանս անցկացրեց: Ի դեպ մեկ դեպքում գրանցվեց ոչ ոքի հաշիվ, մյուս տասնմեկ դեպքերում բնականաբար հաղթեց չեմպիոնը:

Նշենք, նաեւ որ հաղթող թիմերի անդամներն իրենց ընտանիքի անդամների հետ միասին Ծաղկաձորում հնգօրյա հանգստի իրավունք ստացան: Ամենատարեց ու ամենակրտսեր մասնակիցները եւս պարգեւատրվեցին, իսկ շախմատի մրցումում վերջին տաղը զբաղեցրած երիտասարդին շախմատ նվիրեցին: