Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզում Ադրբեջանի նախագահին «հատուկ հյուրընկալություն» է սպասվում: Մասնավորապես, Ֆրանսիայի հայերը «կդիմավորեն» Իլհամ Ալիեւին բողոքի բազմամարդ ակցիաներով: 

Ֆրանսիայում «Հայ դատ» գրասենյակի ղեկավար Հրաչյա Վարժապետյանի խոսքով, բողոքի  ակցիան կանցկացվի Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան առջեւ: Ցուցարարները  ոչ միայն իրենց բողոքը կներկայացնեն Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներման կապակցությամբ, այլ նաեւ հանդես կգան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականության դեմ:

Չնայած այն հանգամանքին, որ Ալիեւի այցը պաշտոնական չէ, այնուհանդերձ, Վարժապետյանի խոսքով, ցուցարարները իրենց բողոքը կներկայացնեն նաեւ Ֆրանսիայի կառավարությանը, որը թույլ է տալիս իր երկիր ժամանել մի նախագահի, ով հերոսացնում է մարդասպանին: Բողոքի ակցիային կմիանան Ֆրանսիայի քաղաքական գործիչներ, հանրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ալիեւի գործողություններից եւ նրա քաղաքականությունից դժգոհ անձինք: