Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է «Մարդը եւ տիեզերքը» գիտաժողովի մասնակիցներ, Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանին, հանրահայտ տիեզերագնացներ Չարլզ Դյուկին (ԱՄՆ) եւ դոկտոր Կլոդ Նիկոլյեին (Շվեյցարիա):
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել անվանի գիտնականներին եւ տիեզերագնացներին Արցախ ժամանելու եւ նման կարեւոր միջոցառմանը մասնակցելու համար, որը մեծապես կնպաստի մեր երկրում գիտության զարգացմանը:
Հյուրերն իրենց հերթին գոհունակություն են հայտնել աշխարհահռչակ տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի հիշատակին նվիրված առաջին գիտաժողովը հենց Արցախում կազմակերպելու կապակցությամբ:
Քննարկվել են նաեւ ճշգրիտ գիտությունների եւ Արցախում տարբեր միջազգային գիտական միջոցառումների անցկացմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ գիտության եւ կրթության նախարարի պաշտոնակատար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:





























