ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը եւ դրանից մի քանի օր անց Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունների մեկնարկը,ոչ ավելի, քան պատահական զուգադիպություն է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Նա հիշեցրեց, որ զորավարժությունը նախապես ծրագրված էր դեռեւս մեկ տարի առաջ ընդունված որոշմամբ։ «Դրանք թափանցիկ են, եւ ընթացքին հետեւում են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի ներկայացուցիչները»,- նշեց փորձագետը՝ ընդգծելով, որ զորավարժությունը որեւէ երկրի դեմ ուղղված չէ։

«Կարեւոր է հասկանալ, որ ՀԱՊԿ-ն մարմին է ձեռք բերում. գործնական խնդրիների լուծման համար արագ արձագանքման ուժեր են կազմավորվել։ ՀԱՊԿ անդամները պատասխանատու են միմյանց համար, եւ ագրեսիայի դեպքում պետք է օգնեն իրար»,- ասաց փորձագետը՝ ավելացնելով, որ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը տարբեր տեսակի իրադրություններ են դիտարկում. դրանք են՝ նարկոթրաֆիկի, ահաբեկչության դեմ պայքարն ու ամենակարեւորը՝ կազմակերպության անդամ երկրի դեմ ուղղված ագրեսիայի դեպքում միջոցների ձեռնարկումը։

Փորձագետի խոսքով՝ ՀԱՊԿ-ն դեռեւս ՆԱՏՕ-ի չափ հզոր կազմակերպություն չէ, սակայն այն արդեն դադարել է գոյություն ունենալ միայ  «թղթի վրա»։ Նրա կարծիքով՝ ՀԱՊԿ-ն նաեւ սկսել է իրական ռազմաքաղաքական կազմակերպության տեսք ստանալ, որպես օրինակ նա նշեց կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ներում շնորհելու կապակցությամբ արված հայտարարությունը, որը Գրիգորյանի ձեւակերպմամբ՝ կոշտ էր։