Եվրախորհրդարանի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովում «Սաֆարովի գործի» վերաբերյալ քննարկումների ժամանակ Լիբերալ-դեմոկրատների դաշինք (ALDE) քաղաքական խմբակցության անդամ Քրիստինա Օյուլանդը ներկայացրել է իր խմբակցության դիրքորոշումը:
Նրա հայտարարությունը քննարկումները դուրս է բերել ղարաբաղյան հակամարտության խորը արմատների լուծման հարթություն:
Հենց արդյունքների բացակայությունն է լիբերալ-դեմոկրատներին ստիպում նոր ձեւաչափեր փնտրել խնդրի լուծման համար. «Քառյակի» գաղափարը` Եվրամիության մասնակցությամբ, առաջխաղացման նոր դինամիկայի ներուժ կպարունակի: Օյուլանդի խոսքով` ԵՄ-ն կարեւոր գործընկեր է հակամարտության երկու կողմերի համար էլ: Կովկասկյան երկրներին բարեփոխումների եւ ինտեգրացիոն գործընթացների համար առաջարկված Արեւելյան գործընկերությունը կարող է եւ պետք է կարեւոր դեր խաղա:
«ԵՄ-ն հակմարտությունների գոտիներում աշխատելու հսկա փորձ ունի: Արեւելյան գործընկերությունը նման է Կայունության մասին համաձայնագրին Բալկաններում, որտեղ ԵՄ քաղաքականությունը շոշափելի արդյունք էր տվել: ԵՄ այդ փորձաքննությունը կարող է ամրապնդել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, նոր շունչ հաղորդել հակամարտության կարգավորմանը: Իսկ դա արժե, որպեսզի այդ գաղափարին շանս տրվի», ասել է եվրոպացի պատգամավորը:
ALDE խմբակցությունը չի ստորագրել Սաֆարովի արտահանձնումն ու ներումը դատապարտող բանաձեւը: «Բանաձեւի տեքստը կարող է առկա հակամարտության հետագա սրում առաջացնել»,-հայտարարել է Օյուլանդը:





























