Թուրքական մամուլում, մասնավորապես Hurriyet Daily News-ում այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հրապարակված Հռոմի պապի այցելության վերաբերյալ հոդվածում Սիրիայի հայ համայնքի, իբր դժգոհության մասին լուրը մեծ աղմուկ է առաջացրել։ Թերթի անգլերեն տարբերակի կայքում հրապարակված Վերջիհան Զիֆլիօղլուի (Vercihan Ziflioğlu) հեղինակությամբ հոդվածում նշված էր, որ Մերձարեւելյան քրիստոնեական համայնքների հոգեւոր  առաջնորդները հիասթափություն են հայտնել Լիբանան Հռոմի Բենեդիկտոս XVI պապի այցելության արդյունքներից, նշելով, որ մինչեւ վերջ չեն կարողացել ներկայացնել  արդիական խնդիրները եւ Սիրիայում քրիստոնեական համայնքների իրավիճակը։ Այս մասին, իբր հայտնել է Լեռնային Լիբանանի եւ Տրիպոլիի ասորական ուղղափառ եկեղեցու թեմի առաջնորդ Ժորժ Սալիբանը, որի հետ իբր համաձայնել է նաեւ Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը։

NEWS.am-ն արդեն հրապարակել է, որ Ժիրայր Ռեիսյանը հրապարակման այդ պնդումը բացարձակ սուտ է անվանել։ «Երբ թղթակիցն ինձ հարց տվեց Լիբանան Հռոմի պապի այցելության մասին, ես հստակ պատասխան տվեցի, որ Հռոմի պապը Լիբանան է այցելել, այլ ոչ թե Սիրիա, հետեւաբար, ես ոչինչ չունեմ ասելու: Սակայն, դժբախտաբար, Hurriyet Daily News-ի թղթակիցն իմ անունից մտացածին պատասխաններ է գրել: Ես կխայտառակեմ նրան մամուլի օգնությամբ: Ես ունեմ մեր խոսակցության ձայնագրությունը», - NEWS.am-ին ասել էր Ռեիսյանը։

NEWS.am-ում Ռեիսյանի մեկնաբանությունը հրապարակվելուց հետո Hurriyet Daily News-ի նշված հրապարակումում պարզապես անհետացավ Ռեիսյանի՝ Հռոմի պապին քննադատության հատվածը։ Սակայն մամուլի կայքերի հոդվածները արտատպող մի քանի կայքերում, այդ թվում նաեւ Journal of Turkish Weekly-ում մնացել է հոդվածն ամբողջությամբ։ Հոդվածը նախնական տեսքով է մնացել նաեւ հեղինակի՝ Վերջիհան Զիֆլիօղլուի, բլոգում։

Ստորեւ կարող եք տեսնել այդ կայքերի պատկերները։

Նշենք, որ Սիրիայի հետ կապված դեպքերի լուսաբանման համար թուրքական լրատվամիջոցների հասցեին հաճախ է կեղծարարության մեղադրանք հնչել, այս անգամ արդեն մեղադրող կողմը սիրիահայերն են։