Աստղագիտական թվային 570 մեգապիքսել թողունակությամբ DEC տեսախցիկը, որը տեղակայված է չիլիական Սերո-Տոլոլո աստղադիտարանում, գիշերային երկնքի առաջին լուսանկարներն է կատարել եւ ձեռնամուխ է եղել մութ էներգիայի որոնումներին, հաղորդում է «Dark Energy Survey» ընկերության մամուլի ծառայությունը:

Մութ էներգիան տիեզերական տարածության շատ առումներով առեղծվածային սուբստանցիա է, այն հնարավոր չէ անմիջականորեն հայտնաբերել ժամանակակից սարքերով, ինչի համար գիտնականները փորձում են «բռնել» զարտուղի ճանապարհով, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախագծի հիմնական նպատակը մութ էներգիայի բնույթն ու էությունը պարզելն է, հատուկ դրա համար աստղագետներն ու ինժեներները հատուկ թվային  DEC տեսախցիկն են մշակել, որն ընդունակ է գիշերային երկնքի բարձրորակ լուսանկարներ կատարել. այն բաղկացած է 62 առանձին մատրիցաներից, որոնց տվյալները միավորում եւ մշակում է համակարգչային ալգորիթմը: Սարքն ընդունակ է միաժամանակ 100 հազար գալակտիկաներ լուսանկարել: