ՀԱՊԿ-ն դեռեւս այլ պետություններից կազմակերպության մեջ մտնելու հայտ  չի ստացել: Այս մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀԱՊԿ ղեկավար Նիկոլայ Բորդյուժան (ֆոտոռեպորտաժ):

Նրա խոսքով, առանձին ակցիաներին մասնակցել ցանկացողներ կան, օրինակ թմրատրաֆիկի դեմ պայքարի հարցում (այս ուղղությամբ մասնակցության հայտ է ստացվել ավելի քան 20 երկրներից): ԻՆչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հայտեր կան:

«Եթե 5-6 տարի առաջ մենք միայն խոսում էինք ռազմական համագործակցության շուրջ, ապա այժմ խոսում ենք տեղեկատվական անվտանգության մասին, կամ տեխնիկական իրավիճակներում օպերատիվ համագործակցության առաջարկների մասին: Ընդլայնվում են գործընկերների եւ մանդատների թիվը, սակայն ոչ անդամների թիվը»,-նշել է Բորդյուժան: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Կազմակերպությունն այս առումով բացասական փորձ ունի, երբ երկիրը մտել է կազմի մեջ, սակայն հայացքների հակասությունների պատճառով կրկին լքել է կազմակերպությունը: «Մեզ նման գործընկերներ պետք չեն»,- ընդգծել է Բորդյուժան:

Նշենք, որ սեպտեմբերի 18-19-ին Երեւանում տեղի է ունենում ՀԱՊԿ անդամ-երկրների  խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների ղեկավարների եւ Կազմակերպության Խորհրդարանական Ասամբլեայի Խորհրդի Կոորդինացիոն խորհրդակցությունը: