Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության  եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջեւ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Հորդանանի մայրաքաղաք Ամման ժամանեց  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի գլխավորած պատվիրակությունը:

ԱԳ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հորդանանի ԱԳ նախարարությունում կայացած  հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները, այդ թվում` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական, հումանիտար եւ այլ հարցեր, ինչպես նաեւ անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին:

Երկուստեք կարեւորվեց նման խորհրդակցությունների պարբերաբար անցկացումն ու բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները:

Նույն օրը ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Ամմանում ՀՀ պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացմանը, այնուհետեւ ՀՀ Անկախության տարեդարձին նվիրված ընդունելություններին, որոնց ներկա էին դիվանագետներ, կառավարության եւ խորհրդարանի անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԳՆ պատվիրակության այցի շրջանակներում նախատեսվում են նաեւ հանդիպումներ ՀՀԹ արտաքին գործերի, բարձրագույն կրթության եւ գիտության, զբոսաշրջության նախարարների, գործարար խորհրդի, Հորդանանի եւ Ամմանի առեւտրա-արդյունաբերական պալատների անդամների  հետ: