Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունները ամուր հիմքերի վրա են: Այս մասին այսօր` սեպտեմբերի 18-ին, Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով` սա լավ հնարավորություն է շարունակելու քննարկումները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ: Ինչպես նշեց Հայաստանի ԱԳ նախարարը, այս տարի մենք նշում ենք Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը. «Կարող ենք ասել, որ այսօր մեր հարաբերությունները ամուր հիմքերի վրա են»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով` բրիտանացի նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգային  հարցերի լայն շրջանակի: Բանակցությունների կարեւոր թեմա էր Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները: Զրուցակիցները մանրամասն անդրադարձել են Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացների, ընդգծվել է այն մեծ առաջընթացը, որը գրանցվել է այդ ուղղությամբ:

Անդրադառանալով տարածաշրջանային հարցերին` Էդվարդ Նալբանդյանը Դեյվիդ Լիդինգտոնին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին իրադարձությունները: «Բնականաբար, անդրադարձ եղավ նաեւ Սաֆարովի ազատ արձակմանը եւ այն մեծ վնասին, որն այդ քայլը հասցրել է բանակցային գործընթացին, եւ, ընդհանրապես, տարածաշրջանում անվտանգությանը եւ կայունությանը»,- ասել է նա:

Ասուլիսի մյուս բանախոսը` Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնն էլ իր հերթին նշեց, որ Մեծ Բրիտանիան Հայաստանին դիտարկում է որպես արժեքավոր գործընկեր: «Հայկական համայնքը ավելի քան մեկ դար է` Մեծ Բրիտանիայի արժեքավոր մասն է: Ես գիտեմ, որ բրիտանական մշակույթը եւ անգլերենը գնահատվում եւ լայնորեն կիրառվում են Հայաստանում: Շատ ուսանողներ Հայաստանից գալիս են Մեծ Բրիտանիա եւ սովորում են  բրիտանական համալսարաններում, եւ այդ կապերը շատ կարեւոր են: Մենք հուսով ենք, որ հետագայում եւս դրանք կզարգանան»:,- ասել է բրիտանացի նախարարը:

Նա նաեւ նշել է, որ ի թիվս Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունների ամրապնդման` հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունները կարող են դառնալ ավելի ամուր:

«Մեծ Բրիտանիան միշտ կողմնակից է Արեւելյան գործընկերության, որի կարեւոր անդամն է Հայաստանը»,- ընդգծել է նա` ավելացնելով, որ Մեծ Բրիտանիան տպավորված է Հայաստանի առաջընթացով, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ սերտ հարաբերություններ կառուցելու գործով: Նա նաեւ նշել է, որ Մեծ Բրիտանիան  ողջունում է ազատ առեւտրային գոտի ստեղծելու շուրջ բանակցությունների հաջողությունը: «Մենք նաեւ երախտապարտ ենք Հայաստանին` Աֆղանստանի խաղաղապահ ուժերում ունեցած ներդրման համար: Հայաստանի բարգավաճումը եւ անվտանգությունը կարեւոր են ամբողջ տարածաշրջանի բարգավաճման եւ անվտանգության համար, եւ այդ կարծիքը կիսում են նաեւ Հայաստանի եւ Բրիտանիայի Կառավարությունները»,- նշել է նա: