ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ «Փոխգործակցություն -2012» զորավարժություններն անցան բարձր մակարդակով: Սեպտեմբերի 19-ին ավարտված ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ զորավարժություններին նման գնահատական է տվել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով` զորավարժությունների ակտիվ փուլին նախորդել է հսկայական նախապատրաստական աշխատանքը, որը շարունակվել է մի քանի ամիս: Ինչպես ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը, զորավարժությունների նպատակը ոչ միայն գիտելիքների, հմտությունների կատարելագործումը, կապերի ամրապնդումն էր, այլեւ փոխգործակցության կազմակերպումը, համատեղ գործողությունների կատարելագործումը. «Իբրեւ զորավարժությունների ղեկավար, գոհ եմ զինծառայողների պատրաստականությունից եւ կազմակերպված գործողություններից, մարտական համախմբվածության բարձր մակարդակից: Զորավարժությունների նպատակները կատարված են»:
Նշենք, որ Հայաստանում սեպտեմբերի 19-ին ավարտվել է ՀԱՊԿ-ի ԱԱՀՈՒ «Փոխգործակցություն -2012» զորավարժությունների եզրափակիչ փուլը: Զորավարժություններն անց էին կացվում «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























