Հայաստանի 5 մարզերի` Արագածոտն, Գեղարքունիք, Կոտայք, Վայոց Ձոր եւ Տավուշ, 318 համայնքներում սեպտեմբերի 23-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Համայնքի ղեկավարի ընտրություններ կկայանա 262 համայնքներում, իսկ ավագանու ընտրություններ կանցկացվեն 281 համայնքներում: 262 համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է 699 թեկնածու: Օրենքով սահմանված ժամկետում ինքնաբացարկ է հայտնել 177 քաղաքացի: Արդյունքում քվեարկությանը կմասնակցի 521 համայնքապետի թեկնածու:

Սեպտեմբերի 23-ին համայնքապետ կընտրեն 16 քաղաքում, 20 քաղաքային համայնքում տեղի կունենա ավագանու անդամի ընտրություն: Չորս քաղաքում` Սեւանում, Եղվարդում, Ճամբարակում, Աբովյանում համայնքապետի մեկական թեկնածուներ են մնացել:

ԿԸՀ նախագահի փոխանցմամբ` 13 համայնքում սեպտեմբերի 23-ին նախատեսված էր անցկացնել ՏԻՄ ընտրություններ,  սակայն դրանք չեն կայանա, քանի որ բավարար թեկնածուներ չեն եղել:

Տիգրան Մուկուչյանը նաեւ նշեց, որ  համայնքապետերի 699 թեկնածուներից 285-ը անկուսակցական են, 282-ը` ՀՀԿ-ական, 87-ը` ԲՀԿ-ական, 27-ը` դաշնակցական, 8-ը` ՕԵԿ-ական, 1-ական թեկնածուներ կան` «Ժառանգություն», «Հայաստանի ժողովրդական», «Հայոց համազգային շարժում», «Ազգային ինքնորոշում», «Ազգային ժողովրդական միություն» կուսակցություններից, եւս երկու թեկնածու` ԺԱԿ-ից:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի