Հայաստանում նվազագույնը աշխատավարձը կրկնապատկելու  համար փող պետք չէ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով հանդես է եկել նման օրենսդրական նախաձեռնությամբ:

«Այդտեղ լրացուցիչ լուրջ ծախսեր չեն պահանջվում, էնույնիսկ եթե Կառավարությունը հարյուր տոկոսով ճիշտ է, ապա քսան միլիարդը փող չէ: Չկա այդ ծախսը, բայց նույնիսկ եթե կա, թող տան: Մեծահարուստները, օլիգարխները պիտի կիսվեն, պիտի տան մարդկանց, ուզում եք ինձ սոցիալիստ անվանեք, ինձ լիբերալ անվանեն, ինչ ուզում են  թող անվանեն»,- ասաց նա:

Ասուլիսի ընթացքում պարզ դարձավ, որ Կառավարությունը մերժել է Հրանտ Բագրատյանի առաջարակը եւ դա նրա համար անակնկալ չէր: «Մերժելու է, թող մերժի: Կառավարություն բացատրություն է տվել, որ դա կավելացնի ստվերը: Բացարաձակ անհեթեթություն է, մինիմալ աշխատավարձը կրկնապատկելու համար 2 մլրդ դրամի ծախս է պետք»,- ասաց նա:

Անդրադառնալով իրեն վարչապետ նշանակելու մասին տեղեկություններին՝ նա նշեց, որ նման տեղեկություն չունի եւ առաջինը լրագրողներից է լսում այդ մասին:

«Ես ձեզ հավատացնում եմ, որ շանս եմ ունեցել 4-5-րդ անգամ լինել վարչապետ,, բայց այդքան էժան չեմ»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով՝ այժմ երկրի տնտեսությունը  փոփոխել, շտկելը ավելի բարդ է, քան 90-ականներին:  «Մենք հատկապես թանկ ենք վճարում, երբ սկսեցինք հավատել, թե Տիգրան Սարգսյանը ռեֆորմներ է անում»,- ասաց նա: Ելքը նախկին վարչապետը տեսնում է երկու ուղղությամբ՝  կամ դեմոկրատացնել տնտեսությունը, կամ էլ անել այնպես, ինչպես Ադրբեջանը արեց, տնտեսությունը մի կլանի ձեռքին է:

Հրանտ Բագրատյանը հերքեց նաեւ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե ինքը որեւէ հակասություն ունի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ: Նա նշեց, որ եթե ինչ-որ բան է արվում ՀԱԿ-ի անունից, ապա ինքը տեղյակ է, բայց եթե ինչ-որ մեկը գնում է  որեւէ դեսպանի հետ հանդիպման, ապա չեն գալու իրեն հարցնեն՝ գնան, թե ոչ հանդիպման՝ նկատի ունենալով Լեւոն Զուրաբյանի հանդիպումը Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ, որի մասին Բագրատյանը իմացել էր լրատվամիջոցներից:

«Ես որեւէ հակասություն չունեմ Լեւոն Զուրաբյանի հետ: Առաջին անգամ եմ լսում, որ ես իր հետ հակասություն ունենամ»,- ասաց նա:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի