Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Մայր Աթոռի Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի նիստ: Ժողովի ընթացքում քննության առնվեցին Մայր Աթոռի միջեկեղեցական եւ միջկրոնական հարաբերություններին վերաբերող հարցեր:
Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ անդրադառնալով վերջին օրերին միջազգային հանրության կյանքն ալեկոծած «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմին` խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ.
«Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին խստորեն դատապարտում է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ստեղծումն ու տարածումը, որն առիթ տվեց մի շարք երկրներում կրոնական անհանդուրժողականության ցավալի դրսեւորումների ու բռնարարքների, որոնց հետեւանքով եղան մարդկային զոհեր: Դատապարտելի են կրոնական հողի վրա նման սադրիչ երեւույթները, որոնք չեն նպաստում ժողովուրդների կյանքում միջկրոնական հանդուրժողականության եւ խաղաղ ու համերաշխ համակեցության մթնոլորտի ձեւավորմանը: Կրոնն ու հավատը երբեք չպետք է դարձվեն բռնության գործիք, «որովհետեւ Աստուած խռովության Աստվածը չէ, այլ՝ խաղաղության» (Ա Կոր.14:3)»:
Նշենք, որ այդ ֆիլմի պատճառով բողոքի լայնածավալ ակցիաներ, զանգվածային անկարգություններ են ընթանում մահմեդական երկրներում, իսկ Լիբիայում սպանել էին ԱՄՆ դեսպանին:





























