Հայաստանի ֆինանսական շուկայում ամերիկյան դոլարը վերջապես դադարեց արժեզրկվել: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 20-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407,47 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.23 %-ով կամ 0,93 դրամով:
Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 4.9 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքի էական փոփոխություններ դեռեւս չկան: Դոլարն ընդունվում է 405 կամ 406 դրամով, հատուկենտ փոխանակման կետեր առքի փոխարժեքը բարձրացրել են մինչեւ 407 դրամ: Դոլար կարելի է գնել 408 կամ 409 դրամով, թեեւ հնարավոր է՝ երեկոյան կողմ փոխարժեքն աճի մինչեւ 410 դրամ:
Forex միջազգային շուկայում դոլարը փոքր ինչ ամրապնդվել է այլ արժույթների նկատմամբ, ինչին նպաստում է նավթի գների նվազումը: Եվրոյի փոխարժեքը կրկին ցած է ընկել 1,3 դոլար մակարդակից եւ գտնվում է 1,295 դոլարի շրջակայքում:
Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում եւս դոլարը թանկացել է՝ 1 դոլարն արժե 31.53 ռուբլի:




























