Երեւանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանը սեպտեմբերի 20-ին դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության թռիչքները, քանի որ տոնական օրերը, ներառյալ երկուշաբթին, ոչ աշխատանքային էին, այդ պատճառով «Արմավիայի» ընթացիկ պարտքերի դիմաց վճարումները ժամանակին չեն ստացվել: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին «Արմավիա» ավիաընկերության մամուլի ծառայությունից:
«Տվյալ փոխանցումը կատարվում է 2-3 օրվա ընթացքում: Այդ պատճառով դա օդանավակայանի կողմից յուրովի նախազգուշացում էր: Իսկ այսօր` տոնի նախօրեին, օդանավակայանը ցանկանում է, որպեսզի «Արմավիան» կանխավճար տրամադրի, քանի որ հաջորդող օրերը կրկին ոչ աշխատանքային են: Դա եւս անհնար է, իսկ Անկախության օրվա նախաշեմին «Արմավիային»` ազգային ավիափոխադրողին այդկերպ զգուշացնելը (ուշացումներով եւ ուղեւորների համար անհարմարություններով) ճիշտ չէ»,- նշեցին «Արմավիա» ընկերությունում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեւանյան միջազգային «Զվարթնոց» օդանավակայանը սեպտեմբերի 20-ին դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթները:
Միջազգային «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը հայտնել էր, որ «Արմավիայի» չվերթները չեն սպասարկվել կուտակված պարտքերի պատճառով: «Արմավիան» զգալի գերազանց էր պայմանագրով նախատեսված շեմը:
Նշենք, որ «Արմավիա» եւ «Զվարթնոց» հակամարտությունը շարունակվում է արդեն մի քանի ամիս: Մի քանի անգամ «Զվարթնոցը» դադարեցրել էր «Արմավիայի» չվերթները պայմանագրով հաստատված պարտքի շեմը գերազանցելու պատճառով, սակայն հետո սկսվել էին բանակցությունները, եւ կողմերը համաձայնության էին եկել:
Ավելի վաղ ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտարարել էր, որ եթե «Զվարթնոցը» չնվազեցնի սպասարկման գները, ապա «Արմավիան» իրեն սնանկ կհայտարարի եւ կփակվի: Նա նշել էր. «Եթե համաձայնության չգանք, մենք կհայտարարենք սնանկանալու մասին, կվերադարձնենք տոմսերը, կվաճառենք ինքնաթիռները եւ կվճարենք պարտքերը»:





























