Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրել է, գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի եւ մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացուցիչների, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողների:
Արարողության ընթացքում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանն ասել է. «Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ եւ հայրենիքի բարձր պարգեւներին, պատվավոր կոչումներին արժանանալու առթիվ:
Այս պարգեւները ձեր ազնիվ աշխատանքի եւ անձնվեր ծառայության արձանագրումն են, ինչպես նաեւ մեր ժողովրդի երախտիքի արտահայտությունը:
Մեր ձգտումն է, որ Հայաստանում յուրաքանչյուրն իր տեղում աշխատի այնպես, ինչպես դուք եք աշխատում։ Պատկերացնո՞ւմ եք, թե այդ պարագայում մեր երկիրը ինչպիսի տեմպերով կարող է զարգանալ: Պետական բարձր պարգեւների եւ կոչումների իմաստը ես այստեղ եմ տեսնում. ի ցույց դնել հանրությանը նրանց, ովքեր իրենց գործով ու կերպարով ամեն օր ապացուցում են շատ կարեւոր ճշմարտություններ թե՛ իրենց, թե՛ իրենց շրջապատին, եւ թե՛մեր ողջ հասարակությանը։
Իսկ մենք ապացուցելու շատ բան ունենք։ Մենք պարտավոր ենք ապացուցել, որ ունակ ենք ոչ միայն պաշտպանվել արտաքին թշնամուց, այլեւ արդյունավետորեն կազմակերպել մեր պետական ու հասարակական կյանքը՝ հանրային ծառայություններից մինչեւ տնտեսություն, արդարադատությունից մինչեւ կրթություն, առողջապահություն:
Մենք պարտավոր ենք շատ բան ապացուցել թե՛ մեզ, թե՛աշխարհին։ Ոմանց այս արտահայտությունը կարող է շատ հավակնոտ թվալ, բայց մենք չպետք է մոռանանք, որ մեր ուժեղ կամ թույլ լինելուց է կախված ոչ միայն մեր կենցաղը, այլեւ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։ Կախված են շատ բաներ, որոնք բխում են առանցքային այդ բառից՝ խաղաղություն։
Սիրելի՛ պարգեւատրվածներ,
Դուք հենց այն մարդիկ եք, որոնցով մեր ժողովուրդն ու երկիրը դառնում են ավելի հասուն, ավելի զարգացած, մեծ հաշվով՝ ավելի ուժեղ ու անխոցելի, եւ հայրենիքը շնորհակալ է ձեզ դրա համար։
Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ տոնի եւ պարգեւատրման առիթներով: Շնորհակալություն ձեզ՝ ձեր ազնիվ վաստակի համար եւ նոր հաջողություններ ձեր գործունեության մեջ»:




























