Ընտրությունների նախօրեին՝ Թբիլիսիի Գլդանիի բանտում ազատազրկվածների կտտանքների նկարահանումները կատարվել են Սահակաշվիլիի հակառակորդների պատվերով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ «Իհարկե, տեղի ունեցածը համակարգի կողմից մեծ բացթողում է, սակայն նկարահանումները կատարողը, ում այսօր գրեթե հերոս են անվանում, մեկ ամիս շարունակ նկարանումներով էր զբաղվում, որպեսզի հետա այն վաճառի»,- Ինտեֆաքսի փոխանցմամբ՝ ասել է Սահակաշվիլին։
«Ես ցանկանում եմ դիմել այն մարդկանց, ովքեր ֆինանսավորել են այդ ամենը։ Չէ որ չի կարելի ամեն ինչը ընտրություններով փոխարինել, չի կարելի ամեն ինչը քաղաքական դիվիդենտներով չափել։ Եթե դու գիտես, որ այդ ամենը կատարվում է, եւ դրա համար գումար ես վճարում, ինչպես կարելի է հանգիստ քնել, միեւնույն ժամանակ «ձեռքերդ լվալ», իբր, սա լավ փաստ է ընտրությունների համար»,- ավելացրել է Վրաստանի նախագահը։
Սահակաշվիլու խոսքով՝ ազատազրկվածների կտտանքների «վճարված տեսագրությունները» Վրաստանի հանդեպ «այլ ծրագրերի մի մասն են կազմում»։
Վրաստանի նախագահը կոչ է արել մտածել, թե իրականում ի՞նչ է ցանկանում ժողովուրդը՝ ամեն ինչ քանդել, թե ծանր դաս ստանալով առաջ ընթանալ։ «Պետք չի «երեխային տաշտակի կեխտոտ ջրի հետ դուրս թափել, ամեն ինչ կարող է պատահել, հատկապես, որ նախորդ իշխանության ժամանակ եղած քաղծկեղի ուռուցքը նոր տարածում է տվել, բայց մենք կոչնչացնենք այն»,- ըստ Գռուզիա Օնլայնի ասել է Վրաստանի նախագահը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ի երեկոյան վրացական Մաեստրո» եւ «Իններորդ ալիք» հեռուստաընկերությունները եթերում դաժան ծեծի եւ առանձնակի այլասերված ձեւի բռնաբարության ցնցող կադրեր են ցուցադրել` հայտարարելով, որ Գլդանի գաղութում տեղի ունեցածի ողջ տեսագրությունն ունեն: Այն նրանց փոխանցել է բանտի` Բելգիայում գտնվող նախկին աշխատակիցը: «ՏՎ-9»-ի հետ հարցազրույցում նա ասել էր, որ բանտարկյալներին տանջելը կատարվում էր Վրաստանի ներքին գործերի նախարար Բաչո Ախալայի հրամանով եւ այդ մասին գիտեր պատժամիջոցների իրականացման նախարար Խաթունա Կալմախելիձեն:
Նշենք, որ Թբիլիսիի Գլդանի թիվ 8 բանտում պահապանների կողմից դաժան ծեծի ենթարկված անձանցից մեկը հայ է եղել:





























